USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 18, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

«AIoT․ կապից դեպի մտածող ենթակառուցվածքներ»․ Viva-ի գլխավոր տնօրենի դասախոսությունը՝ ՏՀՏ գործատուների միությունում (ՎԻԴԵՈ)

Այսօր, 22:00
Թվայնացման ուղղություններից մեկը՝ IoT-ն, արագորեն մուտք է գործում մեր առօրյա կյանք․ ՎԻԴԵՈ
«AIoT․ կապից դեպի մտածող ենթակառուցվածքներ»․ Viva-ի գլխավոր տնօրենի դասախոսությունը՝ ՏՀՏ գործատուների միությունում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/ԱՌԿԱ/․ Թվայնացման ուղղություններից մեկը՝ IoT-ն, արագորեն մուտք է գործում մեր առօրյա կյանք։ Քաղաքային տնտեսության մեջ, տնտեսության տարբեր ճյուղերում և կենցաղում IoT-ն դառնում է անփոխարինելի գործիք՝ անվտանգության, ծախսարդյունավետության, գործընթացների վերահսկման, տվյալների հավաքագրման և օպտիմալացման տեսանկյունից։

AI-ի զարգացումն ու 5G ցանցերի ներդրումը խթանում են AIoT-ի զարգացումը (Artificial Intelligence of Things՝ արհեստական բանականության վրա հիմնված IoT)։ Ցանցերը դադարում են պարզապես տվյալների փոխանցման ալիք լինել և վերածվում են որոշումների կայացման միջավայրի։ Այսպես է սկսվում թվայնացման հաջորդ փուլը։ AIoT-ն սկսում է այնտեղ, որտեղ տվյալը վերածվում է որոշման՝ առանց գործընթացներում ներգրավված մարդկանց երկար շղթայի։

IoT-ն ապահովում է դիտարկելիություն, AI-ը՝ մեկնաբանություն։ Միասին դրանք ենթակառուցվածքին տալիս են ավելի վաղ, ավելի ճշգրիտ և ավելի ցածր ծախսերով արձագանքելու հնարավորություն։ Թվային նոր միջավայրում ցանցը հանդես է գալիս որպես նյարդային համակարգ, տվյալները՝ որպես ազդակներ, AI-ը՝ որպես մեկնաբանող համակարգ, իսկ գործողությունը՝ որպես նոր արժեք։

Դասախոսության առանցքային թեզն այն էր, որ AIoT-ն «կապակցված» ենթակառուցվածքներից անցում է դեպի այնպիսի ենթակառուցվածքների, որոնք կարողանում են տեսնել, վերլուծել, կանխատեսել և գործել։ Բիզնեսի համար սա ոչ թե վերացական թվայնացում է, այլ կոնկրետ տնտեսական արդյունք՝ ավելի քիչ պարապուրդներ, ավելի քիչ ձեռքով վերահսկում, անվտանգության ավելի բարձր մակարդակ, ռեսուրսների ավելի ճշգրիտ կառավարում և պատահարներին ավելի արագ արձագանք։

Լինելով ՏՀՏ գործատուների միության անդամ՝ Viva-ն իր նպատակներից մեկն է համարում մարդկանց գիտելիք և փորձառություն փոխանցելը՝ նպաստելով Հայաստանում ՏՀՏ ոլորտի հետագա զարգացմանը։ ՏՀՏ գործատուների միության անդամներն առաջիններից կլինեն, ովքեր հնարավորություն կունենան մասնակցելու քննարկումներին և միասին գնահատելու մեր երկրում այս ուղղության զարգացման ներուժը։

Viva-ի տեսլականը ներկայացնելու և քննարկելու, թե ինչպես է AI-ը վերափոխում բիզնեսը, կապի տեխնոլոգիաներն ու ենթակառուցվածքները, ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը հանդիպել է ՏՀՏ գործատուների միության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների և ուսանողների հետ։ Դասախոսությունը կազմակերպվել է ՏՀՏ գործատուների միության հրավերով կազմակերպության նորաբաց գրասենյակում։

«Հայաստանի պատմության մեջ ռադիոհաճախականությունների ամենախոշոր ձեռքբերումից հետո Viva-ն կրկնապատկել է իր հաճախականային ռեսուրսները։ Եվ սա ոչ թե ավելորդություն է, այլ ռազմավարական հրամայականի հիմք նաև նոր հարթակների և E2E ծառայությունների, այդ թվում՝ AIoT-ի զարգացման համար։ Ընկերությունն ակտիվորեն զարգացնում և ընդլայնում է 5G ցանցը, ինչպես նաև գործարկում է նոր հարթակներ, ինչպիսին է Viva IoT Hub-ը։ Տվյալների փոխանցման զգալիորեն ավելի բարձր արագությունների շնորհիվ 5G-ն հնարավորություն է ստեղծում հաջորդ սերնդի թվային լուծումների ներդրման համար՝ նպաստելով Հայաստանում թվային միջավայրի զարգացմանը։ AIoT-ն հենց այդ ուղղություններից մեկն է։ Մենք մեր առաքելության մաս ենք համարում նաև այս ուղղությամբ առաջնորդ լինելը՝ Հայաստանին ավելի հստակ պատկերացում փոխանցելով այն մասին, թե ուր և ինչպես է պետք շարժվել այս ոլորտում։ Մենք օգնում ենք պատասխանել այն հարցին, թե որ ոլորտներն ու ծառայությունները կարող են հենվել ցանցի վրա՝ որպես հիմնարար հաշվարկային ենթակառուցվածք, և որ ուղղությունների վրա է պետք կենտրոնանալ՝ բիզնեսների արդյունավետության և արտադրողականության աճին, իսկ արդյունքում նաև տնտեսության զարգացմանը նոր ազդակ հաղորդելու համար», - նշել է Արմեն Ավետիսյանը։

Համաշխարհային շուկան արդեն հաստատում է այս մոտեցման գործնական արժեքը։ Foreclaro Global Research-ի ուսումնասիրության համաձայն՝ շինարարության ոլորտում IoT-ի համաշխարհային շուկան 2025 թվականին գնահատվել է 15,2 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ 2026-2033 թվականներին կանխատեսվում է տարեկան միջինը 13,9% աճ։ Աճի հիմնական խթանիչներն են համարվել օբյեկտների իրական ժամանակի մոնիթորինգի, կապակցված տեխնիկայի, ամպային հարթակների, կանխատեսողական սպասարկման և աշխատակիցների անվտանգության նկատմամբ աճող պահանջարկը։

«Որտե՞ղ և ինչո՞վ է AIoT-ն առավել արդյունավետ։ Եթե առանձնացնենք հիմնական ուղղությունները, ապա արդյունաբերությունում դրանք են կանխատեսողական սպասարկումը, որակի վերահսկումը և խափանումների ժամանակի կրճատումը, էներգետիկայում՝ խելացի ցանցերը, բեռնվածության հավասարակշռումը և կորուստների նվազեցումը, քաղաքային ծառայություններում՝ լուսավորության, ջրամատակարարման, երթևեկության, անվտանգության և միջադեպերի կառավարումը, իսկ գյուղատնտեսության և լոգիստիկայի ոլորտներում՝ շրջակա միջավայրի մոնիթորինգը, երթուղիների կառավարումը, շղթաների վերահսկումը և բեռների վիճակի հետևումը»,- հավելել է Viva-ի գլխավոր տնօրենը։

AIoT-ի առավել ուժեղ ազդեցությունը դրսևորվում է այնտեղ, որտեղ սխալի գինը հատկապես բարձր է՝ արտադրությունում, շինարարությունում, էներգետիկայում, տրանսպորտում, լոգիստիկայում և քաղաքային ենթակառուցվածքներում։ Կապակցված տվիչները, տեսախցիկները, կրելի սարքերը, 5G/NB-IoT կապուղիները, ամպային հարթակներն ու AI անալիտիկան հնարավորություն են տալիս «խնդրի մասին փաստից հետո տեղեկանալու» մոդելից անցում կատարելու դեպի «խնդիրը կանխելու՝ մինչև այն կվերածվի վթարի, պարապուրդի կամ ֆինանսական կորստի» մոդելի։

Բջջային օպերատորից թվային ծառայությունների օպերատորի վերափոխմանն անդրադառնալով՝ Արմեն Ավետիսյանն ասել է․ «Բջջային ցանցերը վերածվում են հսկայական էկոհամակարգի, որտեղ յուրաքանչյուր կապակցված սարք նպաստում է ավելի խելացի և անվտանգ միջավայրի ձևավորմանը, կանխատեսում խնդիրներն ու արձագանքում՝ նախքան դրանց առաջացումը։ Ժամանակակից կապը հնարավորություն է տալիս իրական ժամանակում կառավարել հազարավոր «խելացի» սարքեր։ Վստահ եմ, որ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները՝ սովորական կապակցված սարքերից անցում կատարելու դեպի «մտածող» ենթակառուցվածքներ, որոնք ընդունակ են ինքնուրույն վերլուծել տվյալները և կայացնել օպտիմալ որոշումներ»։

Այսպիսով՝ փոխվում է նաև հեռահաղորդակցության օպերատորի դերը․ այն դառնում է ոչ միայն կապի մատակարար, այլև թվային տնտեսության ճարտարապետության մասնակից՝ ապահովելով ցանց, ամպային ենթակառուցվածքներ, հարթակներ, կիբեռկայունություն, տվյալների կառավարում և լուծումների ինտեգրում։ Հենց այս մակարդակում է AIoT-ն առանձին «խելացի» սարքերի համակցությունից վերածվում երկրի կառավարվող թվային ենթակառուցվածքի։

Դասախոսությունը կազմակերպվել է ՏՀՏ գործատուների միության նախաձեռնությամբ։ «Մենք մեկնարկում ենք ICT Leaders նախագիծը, որի շրջանակում միության անդամ կազմակերպությունների ղեկավարները հանդես կգան դասախոսություններով և ելույթներով՝ անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտի արդիական, նորարարական և ռազմավարական թեմաներին։ Այս նախագծով նպատակ ունենք ձևավորել փորձի փոխանակման հարթակ, խթանել մասնագիտական երկխոսությունը և տարածել ոլորտում կուտակված հաջողված փորձը», - նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Գործնական օրինակները ցույց են տալիս, որ IoT-ի միջոցով տվյալների հավաքագրման ավտոմատացումը, դրանց կուտակումը այսպես կոչված «տվյալների շտեմարանում» և AI-ի կիրառմամբ հետագա վերլուծությունը տպավորիչ արդյունքներ են ապահովում։ Գործնականում դա հնարավորություն է տալիս ոչ միայն բարձրացնել նախագծերի վրա կատարված ներդրումների վերադարձելիությունն ու նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունավետությունը, այլ նաև կանխատեսել հնարավոր խնդիրները՝ նախապես դրանց կանխարգելման միջոցներ ձեռնարկելով։

Օրինակ՝ AI-ն արդեն կարողանում է կանխատեսել աճի դինամիկան և բերքատվությունը՝ հիմնվելով հողի վիճակի, պարարտանյութերի և սննդարար նյութերի պարունակության, արևային ճառագայթման մակարդակի և ջերմոցների միկրոկլիմայի վերաբերյալ տվյալների վրա, որոնք հավաքագրվում են NB-IoT տվիչների միջոցով։

AI մոդելները հնարավորություն են տալիս բարձրացնել բերքատվությունը և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել բույսերի հիվանդությունների ռիսկերը նվազեցնելու համար։ Ստացվող տվյալների հիման վրա ուսուցանվելով՝ AI-ը կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել միկրոկլիմայի կառավարման կամ օգտագործվող պարարտանյութերի ծավալի կարգավորման վերաբերյալ՝ ջերմոցային արտադրանքի բերքատվությունն ու որակը բարձրացնելու նպատակով։

Հայաստանի հնարավորություններին անդրադառնալով՝ Ավետիսյանը նշել է․ «Երկիրն ունի հաղթելու հնարավորություն ոչ թե մասշտաբի, այլ արագության, ինժեներական մտքի և ինտեգրման որակի շնորհիվ։ Մեր երկիրն ունի ինժեներական ուժեղ ավանդույթներ, ինչպես նաև բիզնեսի, կառավարության և տեխնոլոգիական համայնքի միջև «կարճ հեռավորություն» ու համագործակցության լավ փորձ։ Հայաստանը նաև բավականաչափ կոմպակտ շուկա է՝ նիշային AIoT հարթակներ ներդնելու և փորձարարական նախագծերի արագ իրականացման համար»։

Առանձնահատուկ շեշտադրում է կատարվել վստահության և պատասխանատվության վրա։ Որքան ավելի «խելացի» է դառնում ենթակառուցվածքը, այնքան բարձր են դառնում կիբեռանվտանգության, տվյալների կառավարման և մարդկային վերահսկողության պահանջները։ Վստահությունից զուրկ «խելացի» ենթակառուցվածքը կարող է դառնալ ոչ թե առավելություն, այլ խոցելիություն, որի համար ստիպված ենք լինելու շատ թանկ վճարել: Հետևաբար՝ AIoT-ի զարգացումը պետք է ուղեկցվի անվտանգության հուսալի ճարտարապետությամբ, տվյալների հետ աշխատանքի հստակ կանոններով և անհրաժեշտության դեպքում՝ ձեռքով միջամտելու հնարավորությամբ։

Ավետիսյանը խոսել է նաև ամպային AI լուծումների մասին։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում գործընկերները, ուսանողներն ու ոլորտի մասնագետները քննարկել են թեմային առնչվող տարբեր հարցեր։